Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարվել է Ռուսաստանի հետ բնական գազի շուրջ համագործակցել «բելառուսական տարբերակով»։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հիշեցնենք, որ 2012թ. Ռուսաստանը Բելառուսին գազ կտրամադրի շուկայականից ցածր գնով։

Բելառուսում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը իր բելառուսցի գործընկեր Միախայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը նշել է, որ գազի գնի զեղչը նվիրատվություն չէ Բելառուսին այլ ուղիղ օգնություն եւ աջակցություն Մինսկի տնտեսությանը։ Զեղչի չափը ուղղակիորեն կապված կլինի «Գազպրոմի» կողմից «Բելտրանսգազի» եւս 50 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման բանակցության արդյունքից։

Հիշեցնենք, որ «Գազպրոմն» արդեն «Բելտրանսգազի» բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերն է։

Նշենք, որ Կիեւը եւս բանակցում է ռուսական գազի գնի իջեցման շուրջ։ Ռուսաստանը, որպես նախապայման առաջարկում է «Գազպրոմի» եւ «Նեֆտոգազ Ուկրաինա» ընկերությունների միավորումը։