Եվրոպական խորհրդարանում բոլոր հանդիպումների ժամանակ  գլխավոր օրակարգը եղել է Արցախը, արցախյան  բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությունը, անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ մասնավորապես, Ստրասբուրքում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի 2 փոխնախագահների հետ, հայաստանի հարցով Եվրոպական խորհրդարանի զեկուցողի հետ, Հայաստանի եւ Արցախի բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Եվվրապորհրդարանում պատվիրակությունների ղեկավար Մարիա Կալյուրանդի հետ:

Սաղաթելյանի խոսքով, ինքը բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Միջազգային կառույցներում, մասնավորապես, Եվրախորհրդարանում Հայաստանի ու Արցախի  շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն, ու այդ հանդիպումների ընթացքում  ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ  ժողովրդի շահը», - ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա ընդգծեց, որ սուտ է ՀՀ իշխանությունների պնդումը, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցում կա միջազգային պահանջ եւ կոնսենսուս. «Առնվազն իմ տպավորությամբ նման պահանջ գոյություն չունի: Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձևավորող, դիրքորոշում ու  տեսակետ հայտնող պաշտոնյաներ էին, հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի», - ասաց նա:

Պատգամավորը նշեց, թե կա խաղաղության հասնելու պահանջ. ինքը` Սաղաթելյանը, ասել  է`դեմ չեն խաղաղության օրակարգին, բայց խաղաղությունը չի կարող լիներ  մեր հայրենազրկման գնով. «Ասել ենք`պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն. այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին», - նշեց նա: