Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը օգոստոսի 16-ին բանակցություններ է անցկացրել Իրանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Իրանի միջուկային խնդիրները լուծելու նպատակով այդ երկրի համագործակցության անհրաժեշտությունը ԱԷՄԳ-ի (ՄԱԳԱՏԷ) եւ «Վեցնյակի» հետ:
« Խոսել ենք բազմակողմանի համագործակցության մասին: Մասնավորապես, խոսել ենք Իրանի միջուկային խնդրի մասին, եւ իրանական կողմն ողջունել է ռուսական կողմի առաջարկությունները», - ասել է Պատրուշեւը Թեհրանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Պատրուշեւը հանդիպել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սահիդ Ջալիլի հետ: Նախատեսված է նաեւ նրա հանդիպումը Իրանի նախագահի հետ:




























