Ռիգան եւ լատվիական մյուս քաղաքներն այլեւս չեն ընդունի ուկրաինացի փախստականներին։ Ուկրաինայից փախստականներին աջակցելու պետական ծրագիրը զգալիորեն կրճատվել է այն պատճառով, որ տեղական իշխանություններն այլեւս փող չունեն մարդկանց ապրելու համար։ Բազմաթիվ փախստականներ արդեն հիմա փողոցում են հայտնվում՝ պետության հաշվին նրանց հյուրանոցներում չեն տեղավորում, իսկ աշխատանք չունեցող մարդկանց համար շատ թանկ է ինքնուրույն բնակարան վարձել: Միեւնույն ժամանակ, Ուկրաինայից մոտ 120 փախստական է այժմ ամեն օր գալիս Լատվիա՝ հիմնականում դրանք օկուպացված տարածքներից մարդիկ են, որոնց տեխափոխել կամ որոնք ստիպված են եղել մեկնել Ռուսաստան, իսկ այժմ փորձում են մեկնել Եվրոպա կամ վերադառնալ Ուկրաինա, գրում է «Настоящее время»-ն։

Լատվիայի իշխանություններն ասում են, որ երեք ամսով բնակարան եւ սնունդ են տրամադրել Ուկրաինայից հարյուրավոր փախստականների՝ հուսալով, որ երեք ամսից մարդը կտեղավորվի, աշխատանք կգտնի եւ կկարողանա ինքն իրեն պահել։ Բայց շատ փախստականներ աշխատանք չեն գտել, եւ նրանց համար անակնկալ է, որ, բացի այդ, կարող են նաեւ առանց բնակարանի մնալ։ Ռիգայի քաղաքային խորհուրդը եւ մի քանի այլ մունիցիպալիտետներ, իրենց հերթին, բացատրում են նորամուծությունը նրանով, որ հուլիսի 1-ից Լատվիայում ուկրաինացի փախստականների օգնության պետական ծրագիրը լրջորեն կրճատվել է. պետությունն այժմ մեկ փախստականի համար օրական հատկացնում է ընդամենը 3,5 եվրո։ Այս գումարով հնարավոր չէ մարդկանց տեղավորել Ռիգայի հյուրանոցներում, հոսթելներում կամ հանրակացարաններում, իսկ քաղաքներն իրենք էլ փող չունեն մարդկանց տեղավորելու եւ կերակրելու համար։ Առայժմ Ռիգայի քաղաքային խորհուրդը թոշակառուներին խոստացել է մեկ ամսով երկարացնել անվճար կացության ժամկետը, սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու հետո։

Ֆինանսավորման բացակայության պատճառով շուտով կփակվի նաեւ Ռիգայում ուկրաինացի փախստականների աջակցության կենտրոնը. այս մասին արդեն հայտարարել է Ռիգայի քաղաքապետը։ Քաղաքապետարանն այլեւս գումար չունի այն պահելու համար։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ քաղաքը նաեւ չի ընդունի նոր փախստականների, բայց մինչեւ օգոստոսի վերջը կօգնի արդեն գրանցվածներին։ Ռիգայի քաղաքային խորհուրդը նաեւ կոչ է արել արձագանքել տեղի բնակիչներին, ովքեր պատրաստ են տանը տեղավորել փախստականներին, եւ նրանց խոստացել է փոխհատուցում պետությունից։ Բայց առայժմ ուկրաինական ընտանիքներին բնակեցնելու ցանկացողները քիչ են։