Ադրբեջանցի պատգամավոր, Միլի Մեջլիսի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամ Բախտիյար Սադիգովը կոչ է անում իշխանություններին վերահսկողության տակ առնել Twitter եւ Facebook սոցիալական ցանցերը, որովհետեւ դրանք վտանգ են պարունակում։ Այս մասին պատգամավոր եւ «Ազերբայջան» թերթի խմբագիր Սադիգովը հայտնել է SalamNews-ին՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը սոցցանցերը սահմանափակելու նախաձեռնությունը կմեծացնի ադրբեջանցի պատգամավորների ջանքերն այդ ուղղությամբ։ Սադիգովը լրատվամիջոցներին կոչ է արել աջակցել իրենց այդ հարցում։

«Սոցիալական ցանցերը փչացնում են մեր դեռահասներին ու դպրոցականներին։ Նրանք սկսել են վատ սովորել, քիչ հաճախել դպրոց։ Այս ամենի վերջը պետք է տալ»,- ասել է խմբագիր-պատգամավորը։

Նա նշել է, որ ինտերնետի մասին պետք է օրենք ստեղծվի եւ համացանցը պետք է կարգավորվի օրենքով։

Նշենք, որ միմյանց հաջորդող արաբական հեղափոխությունների մասնակիցները միմյանց հետ կապ էին հաստատում հիմնականում ինտերնետի եւ մասնավորապես Facebook, Twitter սոցցանցերով։ Որոշ վերլուծաբաններ Ադրբեջանում եւս հասրակության, հատկապես երիտասարդության շրջանում քաղաքական ակտիվություն են կանխատեսում։