Թուրքիայում 5-աստղանի հյուրանոցի սեփականատիրոջ որդին հարվածել է ռուսաստանցի զբոսաշրջիկ կնոջ դեմքին եւ կոտրել նրա երեք ատամը: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին Անթալիայի Սիդե քաղաքի Laphetos Beach Resort հյուրանոցում,  հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

Օգոստոսի 6-ին` կեսգիշերին մետ, երեք ընկերուհիներ Ուֆայից գնացել են Laphetos Beach Resort հյուրանոցի  դիսկո-բարը, եւ սկսել են պարել իրենց հետ բերած ռադիոընդունիչի երաժշտության ներքո: Երբ ռադիոընդունիչի մարտկոցը նստել է, աղջիկները այն միացրել են ադմինիստրատորի սեղանի վրա: Իսկ երբ մեկ ժամ անց վերադարձել են այն վերցնելու, միացրել են այն, որ ստուգեն լիցքավորվել են մարտկոցները, թե` ոչ: Ըստ tourprom.ru-ի տվյալների` դա դուր չի եկել  Laphetos Beach Resort տիրոջ որդուն, ով այդ պահին գտնվել է մոտակայքում: Թուրքը հարձակվել է ռուս աղջիկների վրա, մեկի ձեռքից խլել ու դեն նետել ռադիոընդունիչը եւ սկսել ծեծել նրանց:

«Ռոսբալտի» տվյալներով` ծեծին մասնակցել է նաեւ հյուրանոցի սեփականատերը: Տեղ ժամանած ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է ռուս աղջիկներին: Ոստիկանները ոչ միայն չեն քննել բռնության փաստը, այլեւ` իրենց հերթին ոստիկանությունում ծեծել են աղջիկներին` նրանց վրա գործ հարուցելով: Որոշ ժամանակ անց կանանց ազատ են արձակել, եւ վերջիններս շտապել են վերադառնալ Ռուսաստան, որտեղ բժշկական զննում են անցել: Աղջիկներից մեկի  շրթունքին բժիշները վեց կար են դրել, կոտրվել են նրա երեք ատամները: