Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ընդունել է միջուկային խնդրի շուրջ առկա իրավիճակի կարգավորման ռուսական առաջարկները, հայտնում է «Ֆրանս պրեսը»։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» պարզաբանել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը, Ռուսաստանն առաջարկել է սեփական պլանը, որն իրենից ներկայացնում է «վեցնյակի» փաթեթային առաջարկների հետագա զարգացումը։

«Պլանի էությունը փուլայնության եւ փոխադարձության մեջ է։ Այլ խոսքով, պետք է շարժվել փուլերով եւ յուրաքանչյուր փուլում գնալ փոխադարձ գործողությունների ու հնարավոր զիջումների»,- ասել է աղբյուրը;

Ներկայումս պաշտոնական այցով Թեհրանում է գտնվում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսին առաջարկել էր փուլային տարբերակով լուծել իրանական միջուկային խնդիրը։

Իրանական միջուկային խնդրի կարգավորման «վեցնյակի» մեջ են մտնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ Գերմանիան։