Ամերիկյան զինվորականները շարունակում են պատրաստվել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ հակամարտության։
Չինացի զինվորականների աճող հնարավորություններին դիմակայելու համար ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը (SOCOM) վերականգնում է գործընկերային հարաբերությունները տարածաշրջանում եւ փորձարկում է սպառազինության ֆուտուրիստական համակարգեր, գրում է BI-ն։
Փորձարկվող կոնցեպտներից մեկն իրենից ներկայացնում է բարձր էներգետիկ լազերային զենք, եւ SOCOM-ը մտադիր է այն տեղակայել իր ամենամահաբեր հարթակներից մեկում՝ AC-130 ռազմանավում:
AC-130 ռազմանավը, որն առաջին անգամ ներկայացվել է 60 տարի առաջ, ըստ էության օդային հրետանային հարթակ է: Այն օգտագործում է pylon turn տեխնիկան՝ թիրախային տարածքի վրայով լայն շրջանով թռչելու եւ առանց հարձակման անկյունը կարգավորելու կայուն կրակ բացելու համար:
Ինքնաթիռը հատուկ գործողությունների եւ սովորական զորքերի շրջանում ֆավորիտ է՝ շնորհիվ այն կրակի հզորության, որը նա կարող է թափել թշնամու վրա, եւ այն ժամանակի երկարության, որի ընթացքում կարող է տեսադաշտում պահել թիրախը եւ օգնել ցամաքում զորքերին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը, որը SOCOM-ի մաս է կազմում, ներկայումս զբաղվում է բարձր էներգիայի լազերային զենքերով AC-130J Ghostrider ռազմանավի վերջին տարբերակի հագեցմամբ:





























