Միացյալ Նահանգների նախագահը եւ Իսրայելի վարչապետը հայտարարել են տեխնոլոգիաների հարցով նոր բարձր մակարդակի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որի նպատակն ամերիկա-իսրայելական տեխնոլոգիական գործընկերության հաստատումն է։ Այս մասին ասվում է Ջո Բայդենի եւ Յաիր Լապիդի համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է, որ երկխոսությունը նաեւ կամրապնդի առկա համագործակցության մեխանիզմները։

«Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարաբերություններն արտացոլում են ընդհանուր արժեքներն ու շահերը, ինչպես նաեւ մեր ժողովուրդների իրական բարեկամությունը։ Մենք պարտավորվում ենք ամրապնդել մեր փոխադարձ ինովացիոն էկոհամակարգերը, խորացնել երկկողմ փոխազդեցությունը, խթանել եւ պաշտպանել կարեւոր եւ նոր տեխնոլոգիաները՝ մեր ազգային շահերին, ժողովրդավարական սկզբունքներին եւ մարդու իրավունքներին համապատասխան, ինչպես նաեւ լուծել աշխարհառազմավարական խնդիրները»,- ասվում է հայտարարության մեջ։