Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը հուլիսի վերջին կայցելի Բաքու, տեղեկացրել է haqqin.az-ը՝ հղում կատարելով EUobserver պարբերականին։

Պարբերականը նշել է, որ այցի նպատակը Ադրբեջանի կառավարության հետ Համաձայնագրի նախագծի քննարկումն է լինելու Եվրամիության երկրներ բնական գազի ներմուծումն ավելացնելու եւ Հարավային գազային միջանցքի ընդլայնմանն աջակցելու մասին։

Այցից առաջ երկու կողմերի պաշտոնատար անձինք հուլիսի 19-ին Բրյուսելում բանակցություններ կվարեն։

Ավելի վաղ Reuters-ը գրել էր, որ Եվրահանձնաժողովը առաջարկել է Ադրբեջանի հետ համաձայնագիր կնքել ԵՄ-ի երկրներ բնական գազի ներմուծումն ավելացնելու եւ գազի ծավալների ավելացման համար գազատարի ընդլայնմանն աջակցելու մասին։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ կողմերը ամեն տարի մինչեւ 2027թ. Հարավային գազային միջանցքով կարտահանեն  20 մլրդ խորանարդ մետր գազից ոչ պակաս։