Սեւանի ափերը թողնված են բախտի քմահաճույքին, այսօր` օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Էկոլուր» բնապահպանական հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա նշեց, որ «Սեւան ազգային պարկի» 70 տոկոսը ճանաչվել է որպես ռեկրեացիոն գոտի, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպումը:

Ըստ Զառաֆյանի` կառավարությունը 125 մլն դրամ է հատկացրել 283 հա տարածքում անտառամաքրման աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն մինչ օրս պարզ չէ, թե որտեղ են իրականացվում այդ աշխատանքները:

Սեւանի բնապահպանական հավասարակշռությունը խախտում են նաեւ ափերին գտնվող 27 աղբանոցները: Բացի այդ` պլաստիկ թափոնների մի մասը հայտնվում է ջրում, ինչը բնապահպանական տեսակետից անթույլատրելի է:

Ըստ բնապահպանի` շարունակվում են նաեւ ապօրինի շինարարությունները ծովի մակերեւույթից 1945 մետր նիշից ցածր գոտում: