Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պետականացնել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը եւ ընդլայնել դրա լիազորությունները՝ ընկերության հիման վրա ստեղծելով «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:

«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո «Սեքյուրիթի Դրիմը» հաճախ էր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ: «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է, ասել է Փաշինյանը, որին զվարճացրել է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի անվան շուրջ քննարկումը: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համար կառավարության այս որոշումը անակնկալ չի եղել: Մեզ հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ասաց, որ իրենք տեղյակ էին շրջանառության մեջ դրված այս որոշման նախագծից:

Այդուհանդերձ, ընկերությանը նախօրեին տեղեկացրել էին, որ այս տարվա մրցույթում նույնպես իրենք են շահել տենդերը: Պայմանագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 10 տարի ժամկետով, տենդերը շահելուց հետո ընկերությունը դեռ պայմանագիր չի կնքել: Ընկերության տնօրենը չցանկացավ մեկնաբանել կառավարության որոշումը եւ ընդամենը նշեց, որ իրենք պարտավոր են ենթարկվել գործադիրի որոշմանը: «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» նոր ստեղծվող ՊՈԱԿ-ը գործելու է հաջորդ տարվա հունվարի մեկից:

«Կա կառավարության որոշում, բոլորս պարտավոր ենք այդ որոշմանը ենթարկվել»,- ասաց Ալեքսան Զաքարյանը։