Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջափակսան Սինգապուր փախնելուց մի քանի ժամ հետո հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացրել է խորհրդարանի նախագահի ներկայացուցիչը, փոխանցել է Reuters-ը։
Այս հայտարարությունը ցնծություն է առաջացրել Կոլոմբոյում, որտեղ ցուցարարները հավաքվել էին նախագահի քարտուղարության շենքի մոտ՝ խախտելով համաքաղաքային պարետային ժամը։
Ամբոխը ճայթռուկներ է բաց թողել, կարգախոսներ վանկարկել եւ ոգեւորությունից պարել։ «Այսօր ամբողջ երկիրն է տոնելու»,- ասել է ակտիվիստուհի Դամիթա Աբեյրաթնեն։ «Սա մեծ հաղթանակ է»։
Խորհրդարանի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Ռաջափակսան հրաժարականի դիմումը տվել է էլեկտրոնային փոստով հինգշաբթի օրը ուշ երեկոյան, այն պաշտոնական կդառնա ուրբաթ, երբ փաստաթուղթն իրավաբանորեն ստուգվի։
Ռաջափակսան չորեքշաբթի փախել էր Մալդիվներ, իսկ հինգշաբթի ուղեւորվել Սինգապուր՝ Սաուդյան Արաբիայի ավիաընկերության չվերթով։





























