Դիլիջանի ազգային պարկում նախորդ տարվա համեմատ 1.5 անգամ ավելացել են ապօրինի ծառահատումները: Այդ մասին այսօր` օգոստոսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Ինգա Զառաֆյանը:

Նրա տեղեկացմամբ` ապօրինի ծառահատումներն իրականացվում են օբյեկտներ կառուցելու նպատակով, քանի որ Ազգային պարկի տարածքի մեծ մասում թույլատրված է հանգստի եւ զբոսաշրջության կազմակերպումը:

Ի պատասխան` Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը հայտարարեց, որ բնությունը նրա համար չէ, որ հեռվից նայեն:

«Բնությունը եւ պատմաճարտարապետական հուշարձանները պետք է օգտագործել սահմանված ռեժիմներին համաձայն, իսկ եկամուտներն օգտագործել այդ նույն հուշարձանների ու բնության պահպանման նպատակով: Սա է կայուն զարգացման սկզբունքներից մեկը»,- ասաց էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան: