Հայաստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած անձին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 9:30-ին, Վերին Արտաշատ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, գիշերը, գողացել են եկեղեցու գանձանակը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած  միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին, ժամը 5-ին, հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով Մխչյան գյուղից բերման է ենթարկվել Այնթապ գյուղի բնակիչ, նախկինում դատված 35-ամյա Ստեփան Ն.-ն:  Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել  են ռետինե ձեռնոցներ:

Պարզվել է, որ Ստեփան Ն.-ն օգոստոսի 7-ին, ժամը 03.00-ի սահմաններում Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողացել է գանձանակը, տեղափոխել նույն գյուղի զբոսայգի, բացել ու գողացել մոտ 10 հազար դրամ գումար:

Ստեփան Ն.-ն ձերբակալված է: