Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն երդվել է որպես նախագահի պաշտոնակատար, քանի որ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, եւ անկարգություններ են տեղի ունենում, հաղորդում է BBC-ն։
Նա փոխարինել է Գոտաբայա Ռաջապակսային, որը փախել է Սինգապուր՝ աննախադեպ զանգվածային բողոքի ցույցերից հետո, որոնց արդյունքում ցուցարարները գրավել են նախագահական պալատը:
Ցուցարարները խախտել են պարետային ժամը՝ գիշերը նրա հրաժարականը տոնելու համար։
Խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրության գործընթացը կսկսվի շաբաթ օրը, իսկ պատգամավորների քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մի շաբաթից։
Հաշվի առնելով, որ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի, ակնկալվում է, որ պատգամավորները կաջակցեն Վիկրամասինգեին, որը սերտ կապեր ունի Ռաջապակսա ընտանիքի հետ:
Բայց կհամաձայնի՞ արդյոք Շրի Լանկայի հասարակությունը սրա հետ, այլ հարց է, քանի որ վարչապետի պաշտոնից Վիկրամասինգեի հրաժարականը ցուցարարների հիմնական պահանջներից է։
Շրի Լանկան գտնվում է տնտեսական քաոսի մեջ՝ բախվելով պարենի, վառելիքի եւ այլ հիմնական ապրանքների խիստ պակասի։
Այս շաբաթվա սկզբին մարդկանց բազմությունը ներխուժել է նախկին վարչապետի նստավայր եւ բախվել անվտանգության ուժերի հետ։
Մինչդեռ Սինգապուրը պնդում է, որ պաշտոնանկ արված նախագահ Գոտաբայա Ռաջապակսան քաղաքական ապաստան չի խնդրել, երբ ժամանել է այնտեղ:
Նախկին նախագահը, որը ժամանել էր իր կնոջ եւ երկու թիկնապահների հետ, այլեւս չունի պետության ղեկավարի օրինական անձեռնմխելիություն, եւ նրա դիրքը գնալով ավելի անկայուն է դառնում, քանի որ նա պայքարում է անվտանգ ապաստան գտնելու համար:
Սպասվում է, որ նա որոշ ժամանակ կմնա Սինգապուրում, այնուհետեւ, հնարավոր է, տեղափոխվի Արաբական Միացյալ Էմիրություններ, AFP-ին հայտնել են Շրի Լանկայի անվտանգության ծառայության աղբյուրները:




























