Երեւանում կրպակների ապամոնտաժումը իր հետ կբերի սոցիալական խնդիրների մի ամբողջ շղթա բնակչության լայն զանգվածների շրջանում: Այդ մասին օգոստոսի 17-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա մեջբերել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ մայրաքաղաքում կան ապամոնտաժման ենթակա 3400 կրպակներ:

«Այդ 3400 կրպակներում ներգրավված են ոչ միայն նրանց տերերը, բացի այդ նրանցից յուրաքանչյուրն իր ընտանիքն ունի, այդ կրպակներում մարդիկ են աշխատում, ովքեր ընտանիք են պահում: Այդ կրպակներն օրենքով սահմանված սեփականություններ են, տերերը հարկեր են վճարում, զբաղվում են ձեռներեցությամբ»,- շեշտել է նա:

Փոստանջյանի խոսքով, կրպակատերերը ունեն օրենքով սահմանված փաստաթղթեր, իսկ քաղաքապետարանը ընդամենը ներկայացնում է Երեւանի քաղաքապետի բանավոր հրամանը. «Ես անձամբ վկա եմ եղել, երբ եկան կրպակն ապամոնտաժելու, որի տերը փաստաթուղթ ուներ, ինչը թույլ էր տալիս նրան տնօրինել կրպակը մինչեւ 2012թ. հունվար ամիսը: Մինդեռ ապամոնտաժման գործողությունների օրինականությունը հաստատող որեւէ փաստաթուղթ այդպես էլ չի ներկայացվել»,- հայտնել է պատգամավորը` հավելելով, որ դա սեփականության իրավունքի ուղղակի խախտում է:

«Մենք մտադիր ենք մինչեւ վերջ գնալ. կկազմակերպվեն բողոքի ակցիաներ, ելույթներ, մենք կներգրավվենք մարդու իրավունքների հարցով տարբեր տեղական եւ միջազգային կազմակերպություններին, մինչեւ իսկ մարդու իրավունքներով Եվրոպական դատարանին»,- հայտարարել է պատգամավորը: