ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջիդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ՝ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների, ինչպես նաեւ Եգիպտոսի, Իրաքի եւ Հորդանանի հետ առաջիկա գագաթաժողովի համար։
Թագավոր Սալմանի հետ հանդիպմանը, որին հաջորդել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի եւ նրանց համապատասխան պատվիրակությունների հետ ընդլայնված աշխատանքային նիստը, Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան ավարտին են հասցրել աշխատանքը մի շարք միջազգային եւ երկկողմ համաձայնագրերի վրա, որոնք բխում են ամերիկյան ժողովրդի եւ ավելի ինտեգրված, կայուն ու բարգավաճ մերձավորարեւելյան տարածաշրջանի շահերից, հայտնում է Սպիտակ տունը։
Այնուհետեւ ԱՄՆ վարչակազմը թվարկել է աշխատանքային հանդիպման արդյունքում կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները։
«Խաղաղապահների դուրսբերում Տիրան կղզուց
1978 թվականին Քեմփ Դեւիդի համաձայնագրի ստորագրման պահից ԱՄՆ զորքերը, որպես խաղաղապահներ, ծառայել են Տիրան կղզում՝ բազմազգ ուժերի եւ դիտորդների կազմում՝ համաձայն Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ կնքված խաղաղության պայմանագրի: Հինգ ամերիկացիներ մահացել են կղզում 2020 թվականին ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Այս գիշեր պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահներին դուրս բերելու եւ տարածքը, որը ժամանակին տարածաշրջանում պատերազմների պատճառ էր դարձել, զբոսաշրջության, զարգացման եւ խաղաղ նպատակներով զարգացնելու վերաբերյալ: Սաուդյան Արաբիան համաձայնել է պահպանել եւ շարունակել տարածքում առկա բոլոր պարտավորությունները եւ ընթացակարգերը: Նախագահ Բայդենը ողջունել է այս համաձայնագիրը, որը բանակցվել է երկար ամիսներ, եւ ամբողջությամբ հաշվի է առել բոլոր կողմերի շահերը։ Խաղաղապահները, այդ թվում՝ ամերիկացի զինծառայողները, կլքեն Տիրանը մինչեւ տարեվերջ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ամենակարեւոր պայմանագրերից մեկը նոր համագործակցությունն է էներգետիկ անվտանգության ոլորտում։
«Սաուդյան Արաբիան հավատարիմ է նավթի համաշխարհային շուկայի հավասարակշռության պահպանմանը՝ կայուն տնտեսական աճ ապահովելու համար։ ԱՄՆ-ը ողջունել է արդյունահանման մակարդակի 50 տոկոս աճը՝ համեմատած նրա հետ, ինչ պլանավորվել էր հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այս քայլերը եւ հետագա քայլերը, որոնք մենք ակնկալում ենք առաջիկա շաբաթներին, օգնել են եւ կօգնեն զգալիորեն կայունացնել շուկաները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Կողմերի միջեւ պայմանավորվածությունների ցանկում ներառվել են նաեւ Սաուդյան Արաբիայի օդային տարածքի բացումը՝ դեպի Իսրայել եւ Իսրայելից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, ՄԱԿ-ի միջնորդությամբ Եմենում զինադադարի պահպանումը։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նաեւ գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների համար ամերիկյան գործընկերության աջակցության մասին (PGII), որը ԱՄՆ նախագահը եւ G7 երկրների առաջնորդները ներկայացրել են 2022 թվականի հունիսի 26-ին G7-ի գագաթաժողովում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 5G/6G ոլորտում համագործակցության նոր երկկողմ հիմքերի վերաբերյալ։
«ԱՄՆ նախագահը ողջունել է համագործակցության նոր հուշագրի ստորագրումը ԱՄՆ Ազգային հեռահաղորդակցության եւ տեղեկատվության վարչության եւ Սաուդյան Արաբիայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջեւ, որը կմիավորի ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի տեխնոլոգիական ընկերությունները 5G-ի առաջխաղացման եւ տեղակայման գործում՝ բաց, վիրտուալիզացված եւ ամպային ռադիոհասանելիության ցանցերի եւ նմանատիպ տեխնոլոգիաներով 6G-ի զարգաման օգտագոծմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի մարդու իրավունքների պաշտպանության, կիբերանվտանգության, առողջապահության եւ այլնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից, հարկ է նշել նաեւ «ծովային անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը»։
«ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հաստատել են ռազմավարական միջազգային ջրային ուղիներով (ինչպիսիք են Բաբ էլ Մանդաբը եւ Հորմուզի նեղուցը, որոնցով ամեն օր անցնում է աշխարհի էներգիայի 40 տոկոսը) առեւտրի ազատ հոսքը պահպանելու իրենց հանձնառությունը՝ բազմաթիվ համատեղ ռազմածովային աշխատանքային խմբերի միջոցով։





























