Վերջին 20 տարիներին Հայաստանում գրանցված 51 կրոնական կազմակերպությունները կարողացել են իրենց շարքերը լրացնել 300 հազարից ավելի քաղաքացիներով, իսկ ահա քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնման կենտրոնը վերջին 5 տարիների ընթացքում դարձի է բերել ընդամենը 10-15 մարդու։
Նման պասիվ օգնության տրամադրման պատճառը մասնագետների, տեղեկատվական բազայի եւ անհրաժեշտ ֆինանսավորման բացակայությունն է։ Օգոստոսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իրավիճակն այս կերպ բացատրեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։
Նրա խոսքով, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների ֆինանսավորումը գալիս է ԱՄՆ-ից։ Բացի այդ, օրենսդրական բացթողումների պատճառով պետությունն ի վիճակի չէ վերահսկել դրանց գործունեությունը։ Իդեպ, եվրոպական շատ երկրներում գոյություն ունի կրոնական ոստիկանություն, որը վերահսկում է այդ կազմակերպությունների գործունեությունը, իսկ ահա Հայաստանի ոստիկանությունում նման ստորաբաժանում չկա։
Ասուլիսին ներկա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա, տեր Շմավոն Ղեւոնդյանն իր հերթին պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ հազարավոր հայեր նախապատվությունը տալիս են կրոնական այլ կազմակերպությունների, ասաց. «Առաջին պատճառը երկրի խոցելի օրենսդրությունն է, երկրորդը՝ Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականության փոքրաթիվությունը, երրորդ պատճառը հենց ժողովրդի ներսում է, որը պետք է կարողանա դիմագրավել աղանդներին եւ կրոնական կազմակերպություններին»։
Տեր հայրը նաեւ նշեց, որ չնայած կրոնական կազմակերպություններում մարդկանց մեծ թվին՝ Առաքելական եկեղեցու հեղինակությունը չի կարող խաթարվել։




























