ՄԱԿ-ում, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված գլխավոր քարտուղար Բան Կի-մունին

Օգոստոսի 17-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ի պատասխան հուլիսի 26-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի: Ստորեւ ներկայացում ենք նամակի տեքստն ամբողջությամբ.

«Ձերդ Գերազանցություն,

Կցանկանայի անդրադառնալ 2011թ. հուլիսի 26-ի А/65/915-S/2011/457 փաստաթղթին, որը պարունակում է Ադրբեջանի ներկայացուցչի նամակը:

Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը շարունակում է ՄԱԿ-ում  եւ միջազգային այլ կազմակերպություններում իրեն ներկայացնել որպես «ագրեսիայի» զոհ, առանց երբեւէ խոստովանելու կամ ազնվորեն փաստելու իր դերը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձարձելու գործում:

Հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների» վրա հիմնված կեղծիքների եւ ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ հետապնդելով` անցյալ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել վերոնշյալ վրդովվեցուցիչ նամակը` հայկական կողմին մեղադրելով «պայթուցիկ սարքի» զոհ դարձած 13-ամյա երեխայի մահվան մեջ:

Այս մեղադրանքի հեղինակներն անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորություն չեն ընձեռել նման սարսափելի պնդումների ճշմարտացիությունը ստուգելու եւ դրա մանրամասները պարզելու համար: Նմանատիպ հայտարարություններն ադրբեջանական դիվանագիտության կողմից օգտագործվում են ստանձնած պարտավորություններից խուսափելու համար: Բավարար է նշել, որ հենց այս պատրվակով Ադրբեջանը փորձ ձեռնարկեց դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզի ստեղծման վերաբերյալ համաձայնությունից, որն ընդունվեց 2011թ. մարտի 2-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքում:

Չնայած դրանց անհեթեթությանը, այս վերջին հայտարարությունները ծառայում են ծավալուն  կեղծիքի եւ խարդախության հիմքերի վրա մեկնարկած քարոզչական պատերազմի մաս:

Պարզապես անբարոյական է շրջանառության մեջ դնել նման զրպարտչական փաստաթուղթ եւ որպես քարոզչական գործիք` շահագործել անմեղ երեխայի մահը: Ադրբեջանին, որը հրաժարվում է ինքն իրեն նայել անկեղծ հայացքով, պետք է հիշեցվի, որ 1991-1994թթ. ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի եւ պատերազմի հետեւանքով Ադրբեջանը լրջորեն աղտոտել է Հայաստանին սահմանակից շրջանները եւ հակամարտության գոտում գտնվող տարածքներն ականներով, զինամթերքի եւ պատերազմական պայթուցիկ մնացորդների կուտակումներով: Նրանք շարունակում են մեծապես ներազդել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման եւ առօրյա կյանքի վրա` հանգեցնելով աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող մարդկային դժբախտ պատահարների ամենաբարձր ցուցանիշներից մեկին:

Այսօր Ադրբեջանը շարունակում է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կարեւոր հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծման հեղինակավոր «HALO Trust» բարեգործական կազմակերպության գործունեությանը ` այդ առաքելությունը որակելով որպես «անօրինական գործողություններ»:

Այն փաստը, որ անկախ հետաքննություն չի իրականացվել, եւ Ադրբեջանը խուսափում է հրադադարի խախտումների առնչությամբ հետաքննչական մեխանիզներ հաստատելուց, բացահայտում է, թե ով է կանգնած այդ խախտումների եւ կեղծ մեղադրանքների հետեւում:

Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք սույն նամակը 2011թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրադադարի խախտման վերաբերյալ կից փաստաթղթի հետ միասին օրակարգի 34, 39, 64, 66 եւ 75 դրույթների ներքո դնեք շրջանառության մեջ ` որպես Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ»: