«Մեծ քսանյակի» պետությունների ֆինանսական նախարարներն ու բանկերը խստորեն դատապարտել են ուկրաինական պատերազմը եւ պարենային եւ էներգետիկ անապահովության տագնապալի աճի կապակցությամբ մտահոգություն հայտնել, ասվում է գագաթաժողովն ընդունեղ երկրի`Ինդոնեզիայի տարածած հայտարարության մեջ:
Բալիում կայացած հանդիպման ընթացքում խումբը մի ծարք կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի չի եկել եւ վերջնական հայտարարությամբ հանդես չի եկել: Ապրիլին Վաշինգթոնում կայացած «Մեծ քսանյակի պետությունների ֆինանսական առաջնորդների նախորդ հանդիպումը նույնպես ավարտվել էր առանց համատեղ հայտարարության հրապարակման։
Փոխարենը, Ինդոնեզիայի բանկի կողմից հրապարակված հայտարարությունը ամփոփել է մասնավոր հանդիպումների մի քանի փուլերի քննարկումների կարեւորագույն կետերը: Մասնավորապես, խմբի ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարները խոստացել են պայքարել պարենային անապահովության եւ բարձր գների դեմ, որոնք շարունակում են «անհամաչափ» ազդեցություն ունենալ խոցելի երկրների վրա։ Երկրների մեծ մասն անդրադարձել է նաեւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի անհրաժեշտությանը:
Հանդիպման բոլոր մասնակիցները, այդ թվում Ռուսաստանի դաշնությունն ու Ուկրաինան, խոստացել են օգտվել հնարավոր բոլոր քաղաքական գործիքներից`պարենային ճգնաժամը հաղթահարելու համար:Այնուամենայնիվ, ռուսաստանի դեմ սննդի եւ հիմնական մատակարարումների վերաբերյալ հետագա պատժամիջոցները կանխելու պարտավորությունների մասին ոչինչ չի նշվել:
Ընդհանուր առմամբ, խմբի անդամ բոլոր պետությունների կենտրոնական բանկերը համաձայնել են պայքարել գնաճի դեմ եւ շտկել դրամավարկային քաղաքականությունը:





























