Իրաքի շահերից է բխում շարունակել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի մերձեցմանն ուղղված ջանքերը՝ տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա ալ Քադհիմին, հաղորդում է AP լրատվականը։
Նրա խոսքով՝ Իրաքը մտադիր է պահպանել իր դերը՝ որպես մերձավորարեւելյան երկու հարեւանների միջեւ բանակցությունները հյուրընկալող պետություն։
«Իրաքը նպաստել է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի մերձեցմանը, եւ հանդիպումները, որոնք տեղի են ունեցել, եղել են հաջող եւ արդյունավետ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ Իրաքը կշարունակի խրախուսել երկու կողմերի միջեւ երկխոսությունը։
Պատասխանելով Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ ալ Քադիմին ասել է, որ դա Իրաքի խնդիրը չէ եւ ինքը կարծիք չի արտահայտի։
«Իրաքը հավատում է երկրների ներքին գործերին չմիջամտելու եւ իր ներքին գործերին այլոց միջամտությունը չթույլատրելու սկզբունքին»,- ասել է նա ու նշել, որ ուրաքանչյուր երկիր ունի իր քաղաքականությունը:





























