Անկարան մերժել է անցանկալի ապաստան հայցողներին Թուրքիա ուղարկելու Լիզ Թրասի փորձնական ծրագիրը՝ այն հրապարակելուց ժամեր անց, հայտնում է FT-ն։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, ով հավակնում է լինել հաջորդ Պահպանողական վարչապետը, ցանկանում է բանակցություններ սկսել՝ ներգաղթյալներին ուղարկելու այնպիսի երկրներ ինչպիսին է Թուրքիան, այն բանից հետո, երբ արտաքսված փախստականների հարցում Ռուանդայի հետ 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ համաձայնության է եկել:
Թուրքիան, արձագանքելով այս առաջարկին, զգուշացրել է, որ երկիրը չի դառնա փախստականների ճամբար կամ սահմանապահ կետ որեւէ այլ երկրի համար։
«Մենք հուսով ենք, որ մամուլում Տրասի մասին այս մեղադրանքներն անհիմն են», - ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը։
«Բացառվում է, որ մեր երկիրը երրորդ երկրի խնդրանքով ավելի մեծ բեռ ստանձնի եւ, ավելին, խթանի այնպիսի մոտեցում, որը չի համապատասխանում ապաստանի իրավունքի միջազգային կանոններին: Թուրքիան չի դառնա փախստականների ճամբար կամ սահմանապահ կետ որեւէ այլ պետության համար եւ ոչ մի կերպ չի ստանձնի երրորդ երկրի միջազգային պարտավորությունները», - ասել է դիվանագետը։
Այս տարի ավելի քան 14 հազար փախստականներ փոքր նավակներով անցել են Լա Մանշը, ինչը մեծացնում է քաղաքական ճնշումը կառավարության վրա: Չնայած Կիգալիի կառավարության հետ գործարքին, դեռեւս ոչ մի փախստական չի ուղարկվել Ռուանդա՝ մասամբ հաջող իրավական մարտերի արդյունքում:





























