Գաղտնիք չէ, որ Իրանը միջուկային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություններ ունի, սակայն մենք չենք պատրաստվում նման բան անել։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին ռազմավարական հարաբերությունների խորհրդի ղեկավար Սեյյեդ Քամալ Խարազին եւ նշել, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Իրանն ուրանի հարստացումը 20% տոկոս հասցրել է՝ 60-ի եւ հեշտությամբ կարող է այն հասցնել 90-ի:
Նրա խոսքով, Թեհրանը ցանկանում է տարածաշրջանային երկխոսություն վարել այնպիսի կարեւոր երկրների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը, Կատարը եւ այլն։ Նա նշել է, որ տարածաշրջանային ճգնաժամերի միակ լուծումը երկխոսության տարածաշրջանային ֆորումի ստեղծումն է՝ քաղաքական ու անվտանգության վեճերը լուծելու նպատակով։
«ՆԱՏՕ-ն Մերձավոր Արեւելքում չնչին գաղափար է, եւ, ինչպես Սաուդյան Արաբիան է հաստատել, այն օրակարգում չկա»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը ողջունում է Սաուդյան Արաբիայի բարեկամության ձեռք մեկնելու վերաբերյալ հայտարարությունը եւ պատրաստ է բանակցել ու վերականգնել սաուդցիների հետ հարաբերությունները։
«Հարեւան պետություններից մեր անվտանգությանը սպառնացող վտանգները ուղղակի պատասխան կստանան: Մենք լայնածավալ զորավարժություններ ենք անցկացրել՝ թիրախավորելով Իսրայելի խորքերը»,- ասել է Խարազին։





























