Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում է հուլիսի 18-19-ը Իրան կատարելիք այցի ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի եւ Իրանի միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ հանդիպումը՝ Էրդողանի եւ Իբրահիմ Ռայիսիի նախագահությամբ։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Թուրքիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները բոլոր առումներով, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված հնարավոր քայլերը։ Բացի այդ, բանակցությունների ընթացքում կիրականացվի մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների շուրջ»,- հավելել են գրասենյակից։
Նույն օրը Թեհրանում տեղի կունենա Աստանայի ձեւաչափով 7-րդ եռակողմ գագաթաժողովը՝ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ։
Այս հանդիպման շրջանակում խորհրդակցություններ կանցկացվեն «Սիրիայում առկա իրավիճակի, տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների՝ առաջին հերթին «Իսլամական պետություն» խմբավորման եւ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաեւ կքննարկվեն քայլեր՝ ուղղված հումանիտար իրավիճակի քաղաքական կարգավորմանը եւՍիրիա սիրիացիների կամավոր վերադարձին»։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կրեմլը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին այցով կլինի Թեհրանում։





























