Շիրակի մարզում քաղաքական բոլոր մյուս կուսակցությունների հետ աննախադեպ ակտիվություն վերջին շրջանում ցուցաբերում են նաեւ դաշնակցականները: ՀՅԴ Գյումրու կոմիտեի  ներկայացուցիչներն արդեն սկսել են բարձրաձայնել իրենց առաջիկա անելիքները: Հանրահավաքներ, ակցիաներ, ինչպես մայրաքաղաքում , այդպես էլ Գյումրիում:

ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանի մեկնաբանությամբ` «Շուտով գյումրեցիները  քաղաքի կենտրոնական փողոցներում  վրաններ կնկատեն: Այնտեղ մոտեցող  քաղաքացուն էլ նոր ձեւավորված ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական  շարժման ներկայացուցիչները կբացատրեն , որ  քվեն  մեծ ուժ ունի  եւ միայն ընտրություններին ակտիվ մասնակցելով երկրում տեղի կունենա իշխանափոխություն»:

Արամ Հակոբյանի խոսքերով` նրանք բաժանելու են  պայմանագրային կոնկրետ բլանկ, որտեղ նշված է, թե ինչ է նշանակում ընտրություն, ինչ  նշանակություն ունի քաղաքացու քվեն,  եւ քաղաքացուն խնդրելու են կնքնել պայմանագիր դաշնակցության  հետ եւ անպայման գնալ, մասնակցել ընտրություներին: «Մեր ժողովուրդը վերջապես պետք  է հասկանա, որ իր ձայնը մեծ արժեք է այս երկրում»,- NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հատկապես Շիրակի մարզում, այս կուսակցության վիճակն այնքան էլ նախանձելի չէր: Լուծարված է ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը եւ քաղաքական այս ուժը կենդանության նշաններ միայն նոր-նոր է սկսում ցուցաբերել: