Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն օգոստոսի 12-ին հանդիպել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերի Ռոման Հուսեյնովի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացուցչության անդամները նրան նորություններ են հաղորդել տնից, իսկ վերջինս նրանց միջոցով նամակ է փոխանցել հարազատներին: Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակի սերժանտ Ռոման Հուսեյնովը 2010 թ. օգոստոսի 27-ին անցել էր ադրբեջանա-ղարաբաղյան շփման գիծը եւ հանձնվել ԼՂՀ պաշպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն օրերս այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին եւ 5 քաղաքացիական անձանց` միեւնույն ընտանիքի անդամներին: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց փոխանցել են Կարմիր Խաչի 4 հաղորդագրությունները եւ 5 նամակ վերցրել են նրանցից:

Նշենք, որ քաղաքացիական ընտանիքի անդամներն են Եղիշե Գեւորգյանը (8 անգամ դատված, ներկայումս էլ կասկածվում է սպանության մեջ), նրա կինը եւ երեք մանկահասակ երեխաները: Գեւորգյանն ընտանիքի հետ 2010 թ. հունվարի 10-ին փախել էր Ադրբեջան:

Ադրբեջանում են գտնվում երեք հայ ռազմագերիներ: Անծանոթ տարածքում մոլորված երկու հայ զինվորները 2009 թ. մայիսից գտնվում են Ադրբեջանում, եւ մեկը` նույն տարվա հուլիսից: