Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատմել է, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ է և իր անունից ևս շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենի հետ հանդիպելուց հետո կրկին համոզվեցի, որ առաջնորդների մեծությունը նրանց համեստության մեջ է:

Բեթղեհեմի Ծննդյան տաճար կատարած այցի ընթացքում տիար Բայդենը պարզապես մոտեցավ նաև ինձ, ձեռնվեց և զրուցելու առիթ տվեց:

Ես նրան պատմեցի, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած սասունցի գաղթականների թոռ եմ և իմ անունից ևս շնորհակալություն հայտնեցի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Ավելի վաղ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ հուլիսի 15-ին ԱՄՆ նախագահ տիար Ջո Բայդենը այցելեց Բեթղեհեմի ԾՆնդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

Պատրիարք սրբազանը տիար Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնեց նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկեց նաև այլ թեմաներ:

Այս առթիվ պատրիարք սրբազանը տիար Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: