ԱՄՆ տնտեսության վերականգնման դրոշակակիրը դառնալու է փոքր բիզնեսը: Այդ մասին, ինչպես հաղորդում է San Fransisco Cronicle-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Այովա նահանգ կատարած այցելության ընթացքում: Նրա խոսքով, ամերիկյան տնտեսությունը «կվերականգնվի ավելի արագ, քան երբեւեէ», եւ դրա շարժիչ ուժը կլինի ոչ թե Վաշինգթոնը, այլ երկրի շարքային քաղաքացիները:
Քննադատության ենթարկելով քաղաքական մթնոլորտը Վաշինգթոնում, նա ընդգծել է քաղաքական այսրոպեական մտածողության առկայությունը եւ երկրի շահերը կուսակցական նեղ շահերից վեր դասելու չկամությունը:
Նշենք, որ ԱՄՆ փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ծրագիրը ներառում է 1 մլրդ վարկային ֆոնդ, աշխատանքի որոնման եւ թրենինգի ծառայություններ: Բացի այդ, ռազմածովային նավատորմն ու գյուղատնտեսության ու էներգետիկայի նախարարությունները 510 մլն դոլար են ներդնելու բիովառելիքի մշակումների համար:
Սոցիալական միջոցների շարքում նախագահը նշել է սոցապահովման հարկի կրճատումը վարձու աշխատողների համար, նաեւ ճանապարհային շինարարությունը խթանող օրենսդրության ընդունումը:
«Մենք կարող ենք ավելի էլ անել, եթե Կոնգրեսը ցանկանա խաղի մեջ մտնել»,- ասել է նախագահը:




























