Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի պաշտոնյաները, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհանդիպեն՝ Ուկրաինայից Սեւ ծով հացահատիկի արտահանման վերսկսումը քննարկելու համար, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է Reuters-ը։
Անցյալ շաբաթ Աքարը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան եւ ՄԱԿ-ն այս շաբաթ համաձայնագիր կստորագրեն հացահատիկի արտահանման միջանցքի վերաբերյալ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել էր, որ «երկար ճանապարհ կա անցնելու» մինչեւ պատերազմը դադարեցնելու խաղաղ բանակցությունների մեկնարկը։
Երկուշաբթի օրը Աքարն ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել արտահանման միջանցքի վերաբերյալ «պլանի, ընդհանուր սկզբունքների» մասին՝ հավելելով, որ մանրամասների քննարկման համար բոլոր կողմերի հանդիպումն այս շաբաթ «հավանական է»:
Նա ասել է, որ օրակարգում են այնպիսի տեխնիկական հարցեր, ինչպիսիք են Ստամբուլում մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը, անվտանգ երթուղիների ու անցակետերի ստեղծումը նավահանգիստների ելքերի ու մուտքերի մոտ։




























