Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակն ոչ բավարար է անվանել՝ հայտարարելով, որ երկկողմ առեւտրի ծավալը կարող է եռապատկվել եւ տարեկան 30 միլիարդ դոլարի հասնել, հաղորդում է Tasnim-ը։

«Երեքշաբթի Թեհրանում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսին Ռաիսին Էրդողանի այցը շրջադարձային է համարել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացման համար։

Նրա խոսքով՝ ասուլիսից առաջ կայացած բանակցությունների ընթացքում երկու կողմերը վերահաստատել են տնտեսական եւ առեւտրային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու իրենց վճռականությունը եւ քննարկել են համագործակցության ընդլայնումն այլ ոլորտներում»,- նշել են իրանական ԶԼՄ-ները:

Երկուստեք կարեւորվել է նաեւ ներդրումների զարգացումը երկու երկրների միջեւ եւ հայտարարել են Թուրքիա իրանական գազի արտահանման 25-ամյա պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին։

Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ երկու կողմերի բանակցությունները թռիչքի կհանգեցնեն երկկողմ հարաբերություններում:

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկկողմ առեւտուրը նվազել է մինչեւ 7 միլիարդ դոլար, սակայն Թեհրանն ու Անկարան մտադիր են այն 30 միլիարդ դոլարի հասցնել։

Հիշեցնենք, որ Էրդողանը Թեհրան էր մեկնել՝ երեքշաբթի Սիրիայի հարցով Աստանայի խաղաղ գործընթացի շրջանակներում Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու համար։