ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ,այդ թվում՝ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի եւ «Ընդհանուր ավիացիոն տարածքի մասին» համաձայնագրի կնքմամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այս մասին ասվում է հուլիսի 19-ին Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով Եվրամիության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ադրբեջանը Եվրամիության կարեւոր գործընկերն է եւ ռազմավարական էներգետիկ գործընկերը, որը բնական գազ եւ նավթ է մատակարարում Եվրոպա, եւ դրանով իսկ իր ներդրումն է ունենում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ԵՄ ջանքերում: Ուստի էներգետիկան մեր քննարկումներում կարեւոր թեմա է՝ հիմնված էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին նոր փոխըմբռնման հուշագրի վրա, որը երեկ ստորագրվել է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցության հետագա ընդլայնմամբ՝ ներառյալ ռազմավարական գործընկերության նոր համապարփակ համաձայնագրի եւ ընդհանուր ավիացիոն տարածքի մասին համաձայնագրի կնքումը։ «Այդ համաձայնագրերը օգուտ կբերեն մեր բոլոր քաղաքացիներին, ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Ադրբեջանում: ԵՄ-ն հավատարիմ է մնում բանակցությունների հաջող ավարտին (այդ փաստաթղթերի ստորագրման համար)»,- ընդգծվում է փաստաթղթում։

ԵՄ-ն հանդիպման ժամանակ հաստատել է «անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասին աջակցելու իր ամուր հանձնառությունը»: «ԵՄ-ն ընդգծել է համապարփակ խաղաղության համաձայնագրի հասնելու գործում կողմերին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին, աջակցելու իր հանձնառությունը: Բացի այդ, ԵՄ-ն ընդգծել է դրական եւ կառուցողական հանրային հռետորաբանության միջոցով երկու երկրների բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու կարեւորությունը: ԵՄ-ն նաեւ ընդգծել է իր աջակցությունը հակամարտության հետեւանքների վերացմանը, այդ թվում՝ ականազերծման եւ այլ չլուծված հումանիտար հարցերում աջակցության միջոցով»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Նիստին Եվրամիությունը հաստատել է տնտեսության դիվերսիֆիկացման եւ «կանաչ էներգիայի» զարգացման գործում հետագայում եւս Ադրբեջանին աջակցելու իր պատրաստակամությունը։

Խորհրդի նիստում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ԵՄ-ի պատվիրակությունը՝ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։