Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) անվանել է «վտանգավոր»՝ ասելով, որ ԱՄՆ-ի կողմից գլխավորվող ռազմական դաշինքը «սահմաններ չի ճանաչում եւ կանգնեցվել է Ուկրաինայում, այլապես պատերազմ կսկսեր՝ օգտագործելով Ղրիմի հարցը որպես պատրվակ», հայտնում է Press.tv-ն։

Այաթոլլահ Խամենեին այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որը երեքշաբթի ավելի վաղ ժամանել էր Թեհրան՝ Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսիի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սիրիական խաղաղ գործընթացի շուրջ եռակողմ գագաթաժողովի համար:

«Ուկրաինայի դեպքում, եթե դուք նախաձեռնություն չցուցաբերեիք, հակառակ կողմն իր նախաձեռնությամբ պատերազմի (սկսելու) պատճառ կդառնար»,- ասել է Խամենեին Պուտինին։

Այաթոլլահ Խամենեին նաեւ ասել է, որ արեւմտյան երկրները կտրականապես դեմ են ուժեղ եւ անկախ Ռուսաստանին։

Նա ՆԱՏՕ-ն բնորոշել է որպես վտանգավոր կազմակերպություն, որն իր ծավալապաշտական քաղաքականության մեջ սահմաններ չի տեսնում։ «Եթե (ՆԱՏՕ-ին) չկանգնեցնեին Ուկրաինայում, նա որոշ ժամանակ անց կսկսեր նույն պատերազմը Ղրիմի հարցի պատրվակով։ «Իհարկե, այսօր Ամերիկան եւ Արեւմուտքը ավելի թույլ են, քան նախկինում, եւ, չնայած նրանց ջանքերին ու հսկայական փողերին, որոնք ծախսում են, նրանց քաղաքականության հաջողությունը մեր տարածաշրջանում, այդ թվում Սիրիայում, Իրաքում, Լիբանանում եւ Պաղեստինում, կտրուկ նվազել է։ Կարեւոր հարցը Սիրիայում ամերիկացիների կողմից նավթով հարուստ շրջանների զավթումն է Եփրատից արեւելք տարածքում, որը պետք է լուծվի նրանց այդ շրջանից քշելու ճանապարհով»,- ընդգծել է նա։

Այաթոլլահ Խամենեին դատապարտել է Իսրայելի միջամտությունը տարածաշրջանի գործերին եւ բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը «սիոնիստների» հանդեպ։ Նա ընդգծել է, որ իսլամական հանրապետությունը չի կարող համակերպվել այն քաղաքակնությանն ու պլաններին, որոնք տանում են Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանների փակման»։

Հավանություն արտահայտելով Ռուսաստանի նախագահի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի թողարկման անհրաժեշտության մասին նկատառումներին, Խամենեին նախագիծը գնահատել է որպես Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ավարտ, որը շահավետ է երկու կողմերի համար։

ԻԻՀ-ի առաջնորդը ընդգծել է նաեւ ԱՄՆ դոլարից հրաժարվելու անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ երկկողմ առեւտրում։ 

Իրանի հոգեւոր առաջնորդն ընդգծել է, որ Իրանը եւ Ռուսաստանը պետք է «զգոնություն պահպանեն Արեւմուտքի խաբեբայական քաղաքականության դեմ»՝ հավելելով, որ երկու երկրները պետք է կատարեն այն համաձայնագրերը, որոնք արդեն ստորագրել են։