Ռուսաստանի եւ Իրանի համար զուտ տնտեսական լուծումներ չեն կարող լինել։ Տնտեսական լուծումների խնդիրն այն է, որ դրանք ի հայտ են եկել քաղաքական պատճառներով՝ պատժամիջոցների պատճառով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Թեհրանում Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ե՛ւ Թեհրանը, ե՛ւ Մոսկվան պատժամիջոցների տակ են գտնվում, եւ դա ստիպում է այլընտրանքային գործընկերներ եւ հաղորդակցություններ փնտրել։
«Թուրքիայի եւ Իրանի միջով կարելի է ինչ-որ բան անել։ Այստեղ ցանկացած լուծում քաղաքական է։ Սա գործարարների հանդիպում չէ, այլ քաղաքական գործիչների հանդիպում, որոնք քաղաքական եւ հաղորդակցության հետ կապված խնդիրներ են լուծում»,-պարզաբանեց Իսկանդարյանը։





























