Սպիտակ տունը ստիպված է եղել պարզաբանել նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությունները, որն ասել է, որ քաղցկեղ ունի: Նրանք վստահեցրել են, որ 79-ամյա Բայդենը նկատի է ունեցել մինչեւ պաշտոնը ստանձնելը մաշկի քաղցկեղի բուժումը։
Մասաչուսեթս նահանգի Սոմերսեթում գտնվող էլեկտրակայանում, նկարագրելով կլիմայի փոփոխության դեմ պայքարելու իր պլանները, Բայլենը խոսել է Դելավեր նահանգի Քլեյմոնտե քաղաքում իր մանկության տան մոտ նավթավերամշակման գործարաններից արտանետումների ազդեցությունն առողջության վրա:
«Ահա թե ինչու ես եւ, սատանան տանի, շատ այլ մարդիկ, որոնց հետ ես մեծացել եմ, քաղցկեղ ունեն, եւ ինչու երկար ժամանակ Դելավերում քաղցկեղի ամենաբարձր մակարդակն է երկրում»,- ասել է նա:
Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչը շտապել է պարզաբանել, որ Բայդենը նկատի է ունեցել մաշկի ոչ մելանոմային քաղցկեղի հեռացումը նախքան նախագահ դառնալը:
2021 թվականի նոյեմբերի առողջության ամփոփագրի համաձայն՝ նախագահը հեռացրել է «մաշկի ոչ մելանոմային մի քանի տեղայնացված քաղցկեղ» եւ մնում է «առողջ, եռանդուն 78-ամյա տղամարդ»:
Սոցիալական ցանցերի օգտատերերը արագ արձագանքել են նրա հայտարարությանը` հետաքրքրվելով, թե արդյոք նա իրոք քաղցկեղ է ունեցել, թե դա պարզապես լեզվի հերթական սայթաքում է:
«Այսպես… Ջո Բայդենը իրականում քաղցկեղ ունի՞, թե՞ նրա հերթական տարեց արկածն է՝ այսօրվա ելույթի վատ ընթերցման պատճառով»: Twitter-ում գրել է Washington Times-ի վերլուծաբան Թիմ Յանգը։ «Հնարավոր է՝ Ջո Բայդենը ցանկացել է ասել, որ ինքը քաղցկեղ է Ամերիկայի համար»,- ասել է նա:
Մեկ ուրիշն էլ ենթադրել է, որ դա պարզապես թյուրիմացություն է «բառերի լղոզման» պատճառով։ «Կարծում եմ՝ կա՛մ նա նկատի է ունեցել պոլիպը, որը նա հեռացրել էր անցյալ տարի, կա՛մ սա ուղղակի թյուրիմացություն է՝ բառերի լղոզման պատճառով»,- գրել է նա։
«Ջո Բայդենը ապշեցրեց ամբոխին, միգուցե նա նորից կռվում է սուֆլյորի հետ, երբ հայտարարում է, որ քաղցկեղ ունի»,- գրել են մյուսները՝ նկատի ունենալով այն միջադեպը, երբ Բայդենը միջոցառման ժամանակ սուֆլյորից ինքնաբերաբար ընթերցել էր «մեջբերման ավարտը, կրկնեք տողը»:





























