Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ միության անդամ պետությունները մի շարք միջոցներ են ընդունել, որոնք ներառում են ոսկու ներմուծման արգելքը, բարձրտեխնոլոգիական որոշ ապրանքների արտահանական վերահսկողության խստացումը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ «Կրեմլի դեմ ԵՄ-ի ուժեղացված եւ երկարացված պատժամիջոցները» «հզոր ազդանշան են Մոսկվային. մենք ուժեղ ճնշումը կպահենք այնքան, որքան կպահանջվի»։

Պատժամիջոցների մանրամասները  մինչեւ վերջ հստակ չեն, քանի որ դրանք պետք է դեռ հրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։

ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը երկուշաբթի հայտարարել էր, որ ներկա պահին «ամենակարեւորը ռուսական ոսկու արգելումն է», որը Ռուսաստանի մեծությամբ երկրորդ արտահանական ճյուղն է էներգետիկայից հետո։