Մենք ունենք երկու բաղադրիչ։ Դրանցից մեկն անդրադառնում է հայրենակիցների հայրենադարձության խնդրին։ Այս մասին հուլիսի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ սփյուռքի հայերին ՀՀ քաղաքացիություն տալու կարգը կխստացվի։
Պաշտոնյայի կարծիքով՝ դա որեւէ կերպ չի ազդի սփյուռքահայերի հայրենադարձության գործընթացի վրա։ Ինչպես նշեց Սինանյանը, այն հայերը, որոնք 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր չեն եղել Հայաստանում, կարող են գալ երկիր, անցկացնել այդ 60 օրը եւ դիմել համապատասխան քաղաքացիություն ստանալու համար։
«Այլ բան է, որ ընդհանուր առմամբ սփյուռքի հետ հարաբերությունների առումով այս փոփոխությունը դրական չէ։ Մեր գերատեսչությունը դեմ է վերոնշյալ փոփոխությանը»,- եզրափակեց Զարեհ Սինանյանը։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները վաղուց են խոստովանել զանգվածային հայրենադարձության ձախողումը, որի մասին խոսվում էր «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին տարում։











