Հայաստանի կառավարության նիստից հետո խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը պաշտպանության նախարարին շենքից դուրս գալիս  «բռնացրել» են Ալավերդյան փողոցի մուտքի մոտ: Սեյրան Օհանյանը, ինչպես միշտ լսել է ծնողներին, եւ խոստացել բոլոր հարցերը վերանայել ու լուծում տալ: Սակայն ի տարբերություն նախորդ անգամների ծնողները այդպիսի դյուրահավատությամբ չեն ընդունել Պնախարարի խոստումները:

«Ես ասեցի, որ մի քանի անգամ դիմումներ եմ ուղարկել տարբեր հարցերով, մեր իրավունքների, որդուս իրավունքների պաշտպանության համար, բայց Ձեր աշխատողները պատասխաններ են ուղարկել, որոնք ինձ չեն բավարարում: Հիմա Ձեզ դիմում  եմ տալիս, խնդրում եմ վերցրեք ու Դուք անձամբ պատասխանեք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Արտակ Նազարյանի մայրը` Աստղիկ Հովհաննիսյանը: 

Մի կին էլ Սեյրան Օհանյանին դժգոհել է, որ  Սիսիանում ծառայության մեջ գտնվող իր որդու վզին խալ կա, որը  մեծանում է եւ ուռուցք առաջանալու վտանգ կա: Օհանյանը դարձյալ խոստացել է վերանայել զինվորի առողջական վիճակը:

Մի քանիսն էլ նշել են, որ այլեւս չեն հավատում  պաշտպանության նախարարին, քանի որ վերջինս նրանց բարձացրած հարցերին բազմիցս  խոստացել է լուծում տալ, սակայն ոչինչ չի արել, եւ այս անգամ նույնիսկ չեն էլ մոտեցել նրան: