Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանը ամբողջությամբ անցել են ռուբլով վճարումների մեխանիզմին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Դանիյար Ամանգելդիեւին:

Նախարարը նշել է, որ ապրանքների հիմնական մասի համար վճարումները կատարվում են ռուբլով:

«Ապրանքների միակ խումբը, որի դիմաց հաշվարկները կատարվել են դոլարով, վառելիքն ու քսանյութերն են։ Պատժամիջոցների կիրառման եւ SWIFT համակարգի անջատման հետեւանքով առաջացած խնդիրների արդյունքում որոշվել է անցնել ռուբլով վճարումներին։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի հետ բոլոր կարգավորումները կատարվում են ռուբլով»,- ասել է Ամանգելդիեւը։

Նախարարը հավելել է, որ ռուբլով հաշվարկներին անցնելուց հետո ռուբլու փոխարժեքը սկսել է ամրապնդվել, ինչը ազդել է վառելիքի ինքնարժեքի վրա։ Ավելի վաղ նախարարը նշել էր նավթարդյունաբերության ոլորտում գործող առեւտրականներին լրացուցիչ վարկեր տրամադրելու մասին, ինչն այս պահին դեռեւս անհրաժեշտ է: Ուստի որոշում է կայացվել լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ընկերություններին։

«Նախատեսվում է, որ գումարը կհատկացվի բենզինի, դիզվառելիքի եւ հեղուկ գազի գնման նպատակով»,- ասել է Ամանգելդիեւը։

Նա հիշեցրել է, որ Partner Oil եւ Red Petroleum ընկերություններն արդեն ստացել են 24 միլիոն դոլար աջակցություն, ինչը հնարավորություն է տվել վառելիքի եւ քսանյութերի 40-օրյա մատակարարում ապահովել։ Ակնկալվում է, որ կհատկացվի ավելի քան 120 միլիոն դոլար։