Բուլղարիան Ադրբեջանին համարում է կարեւոր ռազմավարական գործընկեր գազի մատակարարման ոլորտում, հինգշաբթի Բաքվում հայտարարել է Բուլղարիայի կառավարության ղեկավար Կիրիլ Պետկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Բուլղարիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունը շարունակում է ակտիվորեն զարգանալ՝ շեշտը դնելով էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում հարաբերությունների ընդլայնման վրա», - ասել է Պետկովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ Բուլղարիան Ադրբեջանին համարում է բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացման եւ Արեւելյան ու Հարավ-Արեւելյան Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման ոլորտում կարեւոր գործընկեր:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին «Գազպրոմը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա՝ երկրի՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Այդ ժամանակվանից Բուլղարիան գազ մատակարարելու այլ ուղիներ է փնտրում։