ԱՄՆ Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Չաք Շումերը ներկայացրել է դաշնային մակարդակով մարիխուանան ապաքրեականացնող օրինագիծ։ Այս դիրքորոշումն արժանանում է ամերիկացիների մեծ մասի հավանությանը, բայց, ամենայն հավանականությամբ, դժվարություններ կունենա։

«Կանաբիսի կառավարման մասին օրենքը» ապաքրեականացնում է մարիխուանան դաշնային մակարդակով եւ թույլ կտա նահանգներին սեփական քաղաքականություն վարել։ Այն կներառի քրեական արդարադատության բարեփոխման վերաբերյալ միջոցներ, ինչպիսին է դաշնային մեղադրանքները չեղարկելը, ինչպես նաեւ դրամաշնորհների ծրագրերի ստեղծումը փոքր բիզնեսի սեփականատերերի համար այն հանրույթներից, որոնք չափից ավելի են տուժել թմրանյութերի մասին նախորդ օրենքներից։ Այն նաեւ կկարգավորի սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման կառավարումը, ինչպես նաեւ դաշնային հարկման պլանը։

Ներկայում մարիխուանան ռեկրեացիոն օգտագործման համար թույլատրված է 19 նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի օկրուգում։