Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է Ստամբուլում ստորագրված համաձայնագրի մանրամասները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել, որոնք ուղղված են համաշխարհային շուկաներին սննդամթերքի եւ պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծմանը։ Ուզում եմ ընդգծել, որ այս փաստաթղթերը փոխկապակցված են եւ ներկայացնում են մեկ միասնական փաթեթ»,-ասել է նա։
Նա պարզաբանել է, որ «առաջին փաստաթուղթը՝ հուշագիրը, ներառում է ՄԱԿ-ի ներգրավումը ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման տարբեր սահմանափակումների վերացման գործում»։ «Երկրորդ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը»,-հավելել է Շոյգուն։




























