Օգոստոսի 14-ին ՌԴ Սմոլենսկի մարզում մեկնարկած Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհայտ կորած զինվորների որոնողական աշխատանքների իրականացմանը նվիրված «Հիշատակի հերթափոխ 2011» ծրագրի շրջանակում կազմակերպվող համառուսաստանյան միջոցառումներին մասնակցում են նաեւ Հայաստանի ԴԱՀԿ աշխատակիցները:
ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման բացմանն իր ուղերձն էր հղել նաեւ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը: «Խորհրդային ժողովրդի միասնությունը, մարտադաշտում եւ թիկունքում նրանց անձնազոհությունը օրեցօր ավելի էր մոտեցնում Մեծ հաղթանակին: Զոհված ու անհայտ կորած զինվորների հիշատակը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության տառապանքը հայ ժողովրդի սրտում է, որն արտացոլվում է կազմակերպվող տարբեր միջոցառումներում»,- ասված էր Միհրան Պողոսյանի ուղերձում:
Տարբեր երկրների համապատասխան ծառայությունների աշխատակիցներն այս օրերին որոնողական աշխատանքներ են կատարում, գտնում մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ անհայտ կորած զինվորների մասունքները: Դրանց մի մասը հնարավոր է, որ տեղափոխվի Հայաստան:
Ի դեպ, բացի Հայաստանից, մինչեւ օգոստոսի 23-ը շարունակվող որոնողական աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերի, ինչպես նաեւ ԱՊՀ այլ երկրների 500 ներկայացուցիչներ:




























