Նիկոլ Փաշինյանի պարտվողականության պատճառով պաշտոնական Բրյուսելի համար չկա Լեռնային Ղարաբաղ եւ հայ ռազմագերիների խնդիր։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Պնդմանս համար հիմք է հանդիսացել մի Եվրոպական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի ստորագրած պաշտոնական փաստաթուղթը, որը հրապարակվել է այս տարվա հուլիսի 18-ին։ Փաստաթուղթը կոչվում է Ադրբեջանի հետ գործընկերության իմպլեմենտացիայի զեկույց։ Այսինքն՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միությունն ունի գործընկերության ծրագիր։ Այս զեկույց եմ ամփոփոված են Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները, գնահատականները, տարբեր ոլորտում արձանագրված խնդիրներն ու հաջողությունները։ Բնական է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների ենթատեքստում գնահատական է տրվել նաեւ անվտանագային խնդիրներին։ Այս ամբողջ տեքստում գեթ մեկ անգամ օգտագործված չէ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։ Խոսելով հայ-ադրբեջանական խնդիրների մասին՝ պաշտոնական Բրյուսելը ամբողջությամբ հրաժարվել է «Լեռնային Ղարաբաղ» ձեւակերպումից, եւ ընդամենը մեկ անգամ օգտագործված է ադրբեջանցիների կողմից հանդուրժվող «Ղարաբաղ» բառը։ Եվրոպական միության պաշտոնական արձագանքով Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, եւ սա հետեւանք է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության։ Այն ինչ-որ Նիկոլ Փաշինյանն անում էր եռակողմ հանդիպման ժամանակ, այսինքն՝ հրաժարվում էր օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, այլեւս պաշտոնական փաստաթղթերում է»,- ասաց Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ այս փաստաթուղթը չեն ընթերցել ոչ Արտաքին գործերի նախարարությունում, ոչ էլ Անվտանգության խորհրդում։ Նա ուշադրություն հրավիրեց փաստաթղթում նշված եւս մեկ հանգամանքի։

«Ազգային փոքրամասնությունների մասին խոսելիս Եվրոպական հանձնաժողովը արձանագրում է, որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները զրկված են օրենսդրական մեխանիզմներից, որպեսզի կարողանան իրացնել իրենց իրավունքները։ Սա լուրջ կռվան է եվրոպացիների դեմ հերթական հանդիման ժամանակ ասելու համար, որ դուք եք գրել, թե ազգային փոքրամասնությունների իրավունքները Ադրբեջանում չեն պաշտպանում՝ անգամ լեզվի մակարդակով, դուք ո՞ւր եք Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բրդում Ադրբեջան։ Ո՞նց եք բրդում, դեմոկրատական Եվրոպա»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։