Շրի Լանկայում, հակակառավարական ցուցարարների դեմ ռազմական գործողություններից օրեր անց, նախագահի գրասենյակը կվերսկսի աշխատանքը, հայտնում է AFP լրատվականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Գրասենյակը պատրաստ է վերսկսել իր աշխատանքները երկուշաբթի օրվանից: Քարտուղարության շրջափակումը, որը ուժի մեջ էր մայիսի 9-ից՝ վերացվել է»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը եւ նշել, որ վնասի չափը ճշտելու համար փորձաքննություն է անցկացվել:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տնտեսական ճգնաժամի պատճառով հասարակության զայրույթը հանգեցրել էր նրան, որ ցուցարարները ներխուժել էին նախագահի եւ վարչապետի նստավայրեր եւ ավերածություններ գործել: Նախագահը փախել էր Սինգապուր, որտեղից էլ մի քանի օր անց հրաժարական էր տվել:
Հայտնի է, որ ոստիկանական ուժերի հետ բախման ընթացքում վիրավորվել էր 48 մարդ, իսկ 9-ը մարդ ձերբակալվել էր. քանդվել էին ցուցարարների կողմից ապրիլից ի վեր կանգնեցված վրանները:
Արեւմտյան կառավարությունները, ՄԱԿ-ը եւ իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ քննադատել էին Շրի Լանկայի ոստիկանության գործողությունները: Ոստիկանության խոսնակ Նիհալ Թալդուվան, իր հերթին, ասել է, որ ցուցարարները կարող են շարունակել իրենց ակցիաները նախագահի գրասենյակի հարեւանությամբ նախատեսված տարածքում:
Չորեքշաբթի օրենսդիրները ընտրել էին երկրի նախագահ՝ Ռանիլ Վիկրեմեսինգեին, իսկ այսօր հայտարարել են դպրոցների վերաբացման մասին, որոնք ամսվա զգալի մասը փակ են եղել:
Սակայն երկրում բողոքի ակցիաները չեն դադարում: Երկրի կառավարությունը պաշտոնապես սնանկացել է՝ չվճարելով 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը, եւ ներկայումս բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ օգնության ծրագրի շուրջ:





























