Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ուիլյամ Հաջիեւին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Turan-ը։
Դատավճռով կառգրավվի նաեւ գույք։ Մասնավորապես, առգրավման ենթակա են առանձնատուն եւ բնակարան Բաքվում, երկու բնակարան Հիրդալան քաղաքում, ամառանոց Նարդարան գյուղում, BMW X5, Land Rover, BMW 740-İ, Bentley Continental GT մակնիշի ավտոմեքենաներ։ Գույքի մի մասը կտրվի տուժածներին, մնացածը կգնա պետական գանձարան։
Հաջիեւն իր վերջին ելույթում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները հիմնավորված չեն եւ դատարանին խնդրել է արդար որոշում կայացնել։ Հաջիեւը ձերբակալվել է 2020 թվականի մայիսի 6-ին Պետական անվտանգության ծառայության հատուկ գործողության ժամանակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել պետական միջոցների յուրացման, կաշառք վերցնելու, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ մի շարք այլ հանցագործությունների համար։
Նշենք, որ Հաջիեւի գործողությունները կաթիլ են օվկիանոսում՝ Ադրբեջանում իշխող Ալիեւների կլանի կողմից երկրի տոտալ թալանի ֆոնին։





























