Եթե ԱՄՆ-ը գնա այդ ճանապարհով, Չինաստանն անպայման հաստատուն եւ վճռական քայլեր կձեռնարկի։ Այս մասին լրատվամիջոցների համար ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը՝ մեկնաբանելով Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան։

Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ Պեկինը մասնավոր կերպով խստորեն նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ կապված Փելոսիի այցի հետ, ըստ թերթի՝ չբացառելով պատասխանի ռազմական տարբերակը։

«Չինական կողմը բազմիցս հասկացրել է ԱՄՆ-ին, որ կտրականապես դեմ է Թայվան Փելոսիի այցին։ Մենք լիովին պատրաստ ենք»,- ասել է Չժաո Լիցզիանը: «Եթե ԱՄՆ-ը գնա իր ճանապարհով, Չինաստանն անպայման ամուր եւ վճռական միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի ցանկացած լուրջ հետեւանքների համար»,- հավելել է նա։