Իտալիան տնտեսության մինչեւ 13 միլիարդ եվրո արժողությամբ խթանման նոր որոշում է պատրաստում, որպեսզի օգնի ընտանիքներին եւ ձեռնարկություններին հաղթահարել էլեկտրաէներգիայի, գազի եւ բենզինի գների աճը, ասել է էկոնոմիկայի փոխնախարար Լաուրա Կաստելին, հայտնում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ նոր սխեման, որը լրացնում է հունվարից արդեն իսկ բյուջեում ներառված 33 միլիարդ եվրոն, կդառնա վարչապետ Մարիո Դրագիի վերջին կարեւոր քայլերից մեկը։ Նա անցյալ շաբաթ հրաժարական է տվել՝ ճանապարհ հարթելով սեպտեմբերի 25-ին կայանալիք արտահերթ համազգային ընտրությունների համար:

Միջոցառումների թվում կառավարությունը կարող է վաճառքի հարկերից ժամանակավորապես ազատել հիմնական սպառողական ապրանքները, ինչպիսիք են մակարոնեղենը եւ հացը, ասել է Կաստելին Radio 24-ին:

Այլ միջոցները ներառում են անապահով ընտանիքների եւ էներգատար ձեռնարկությունների համար էներգիայի մատակարարումների սուբսիդավորումը:

Կաստելիի խոսքով, փաթեթը կֆինանսավորվի պետական բյուջեի այլ մասերից ստացվող խնայողությունների կամ ավելի բարձր եկամուտների հաշվին եւ այդպիսով չի ազդի պետական բյուջեի դեֆիցիտի վրա։

Իտալական սպառողական գների ինդեքսը (HICP)՝ ներդաշնակեցված ԵՄ-ի հետ, հունիսին կազմել է 8,5 տոկոս՝ մայիսի 7,3 տոկոս աճի համեմատ։

Բազային ինֆլյացիան (առանց թարմ սննդամթերքի եւ էներգիայի) հունիսին HICP-ի ինդեքսով տարեկան կտրվածքով կազմել է +3,8 տոկոս՝ նախորդ ամսվա 3,2 տոկոսի համեմատ:

«1986 թվականից ինֆլյացիան երբեք այսքան բարձր չի եղել։ Այս երեւույթը մեծապես խաթարել է իտալացիների գնողունակությունը»,- ասել է Կաստելին։