Երեւան քաղաքում 2011-14 թ.թ., Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում կկառուցվի միջազգային դասի (չորս աստղանիից ոչ պակաս) հյուրանոցային համալիր:
Հայաստանի կառավարությունն այսօր` օգոստոսի 18-ին, որոշեց Երեւանի քաղաքապետին իրավունք տալ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով, 99 տարի ժամկետով, 5850 քառ. մետր մակերեսով հողամաս հատկացնել հյուրանոցի կառուցման համար:
Ըստ քաղաքապետարանի ներկայացրած տեղեկանքի` հյուրանոցային համալիրը իր մեջ ներառելու է ընդունելությունների եւ խորհրդակցությունների սրահ, սպորտդահլիճ, խաղասրահ, գեղեցկության սրահ, ռեստորան եւ սրճարան։
Հյուրանոցը կառուցվելու է գոյություն ունեցող պատմական կառույցների, շենքերի եւ շինությունների քաղաքաշինական, ծավալա-հատակագծային եւ ճարտարապետա-գունային լուծումների հաշվառմամբ, որը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը։
Հյուրանոցը կկառուցի «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի հետ Երեւանի քաղաքապետարանն արդեն համաձայնագիր է կնքել: Կառուցապատման իրականացման համար ստեղծվել է «Սամկար պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որին «Տաշիր գրուպ» ընկերությունը երաշխավորել է։




























