Հուլիսի 27-ին «Գազպրոմը» կկանգնեցնի Siemens տուրբինի շահագործումը «Պորտովայա»-ի կոմպրեսիոն կայանում (ԿԿ): Ընկերությունում որոշումը բացատրում են վերանորոգման աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ։ Շահագործումից տուրբինը հանելու պատճառով «Հյուսիսային հոսք»-ով մղումը օրական կնվազի 33 միլիոն խորանարդ մետրով: Արտահանման ծավալների կրճատման մասին հաղորդագրություններիների ֆոնին Եվրոպայում գազի գներն աճել են մոտավորապես 8 տոկոսով, վկայում են ICE բորսայի գնանշումները, գրում է «Կոմերսանտը»։

«Մինչ հիմնանորոգումը («Ռոստեխնաձոր»-ի ցուցումների համաձայն եւ հաշվի առնելով շարժիչի տեխնիկական վիճակը), նորոգման ժամկետի ավարտի հետ կապված, «Գազպրոմը» դադարեցնում է Siemens-ի եւս մեկ գազատուրբինային շարժիչի շահագործումը «Պորտովայա» ԿԿ-ում»,- ասվում է Telegram-ում էներգետիկ ընկերության հաղորդագրության մեջ։

Հուլիսի 11-ին «Գազպրոմը» տասը օրով դադարեցրել էր «Հյուսիսային հոսք»-ով գազի արտահանումը՝ պլանային վերանորոգում իրականացնելու համար։ Հունիսին հայտնի դարձավ, որ գազատարով մղվող ռեսուրսի ծավալը կրճատվել է մինչեւ իր անվանական հզորության 40 տոկոսը (օրական 67 մլն խ/մ): «Գազպրոմ»-ում արտահանման ծավալների ճշգրտման հիմնական պատճառը համարվում էր այն, որ Կանադան հրաժարվել է վերադարձնել գազատարի տուրբինը վերանորոգումից հետո։ «Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ին տուրբինն ուղարկվել է Գերմանիա, իսկ հուլիսի 24-ին Siemens Energy-ն «Գազպրոմ»-ին է փոխանցել արտահանման լիցենզիան, որը, մասնավորապես, թույլ է տալիս գազատարի համար տուրբիններ տեղափոխել։